ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՀՈՎԵԼ

ՀՈՎԵԼ
11.12.2009 | 00:00

ԳՐՔԻ ԱՂԵՐՍՆԵՐՆ ԸՆՏՐՅԱԼ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՅԱՆՔԻ ՀԵՏ
Ոմանք համոզված են, որ Հովել մարգարեն իր գրքի առաջին երկու գլուխներում իրական դեպք է նկարագրում. խոսքը մորեխների մասին է, որ ամպի նման ծածկեցին երկինքը և թափվեցին երկրի վրա՝ ոչնչացնելով ողջ բուսականությունը: Այս աղետի կապակցությամբ մարգարեն Հրեաստանի բնակիչներին կոչ է անում սգո օր հաստատել և ազգովին ծոմ պահել: Այս աղետը, սակայն, մարգարեի համար, բացի այդ, հատուկ նշանակություն ունի. այն Տիրոջ ահեղ դատաստանի օրվա պատկերն ու նախակարապետն է: ՈՒստի մարգարեի նկարագրության մեջ պատկերը ձուլվում է պատկերվածին. «Տիրոջ օրվա» գծերը տարածվում են երկրին պատահած աղետի վրա (Բ 2-3, 10):
Նա աղետն աստիճանաբար է կերտում` իր խոսքին հատուկ վերարտադրության ուժով, ինչպես պարզորոշ կերպով երևում է երրորդ և չորրորդ գլուխներում: Եվ մեզ զարմացնում է այս մարգարեի հզորությունը, որը խոսքի ուժի շնորհիվ կռացել է, որպեսզի քանդի աշխարհը և նորից հավաքի:
ՄԱՐԳԱՐԵԻ ՉՊԱՐԶՎԱԾ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ գրքի մուտքի՝ Հովելը «Բեթուելի որդին» է: Սակայն այս տեղեկությունը մեզ ոչինչ չի տալիս: Այն մեկնաբանները, ովքեր ընդունում են, որ գրքի առաջին մասը պարունակում կամ ընդօրինակում է Տաճարում մատուցվող ծեսը, համոզված են, որ Հովելը Տաճարին կցված մարգարեներից մեկն էր, այսինքն՝ «պաշտոնական» կամ «ծիսական» մարգարե էր, որը ներշնչվող հոգևոր երգչի նման պաշտոնական պաշտամունքի շրջանակներում ծիսական ծառայություն էր մատուցում: Ասենք, որ գրքին բնորոշ հաստատուն և հաճախ համոզիչ ոճն ու իր կենդանությունը չկորցրած եբրայերենը վկայում են հօգուտ գերությանը նախորդող ժամանակահատվածի: Իսկ եթե վերլուծության ենթարկենք հեղինակի բառերն ու մտածողությունը, ապա մեծ ընդհանրություն կհայտնաբերենք նրա և ն. Ք. յոթերորդ դարի վերջի, վեցերորդ դարի սկզբի մարգարեների (Երեմիա և Սոփոնիա) միջև:
Կարճ ասած, մասնագետը պետք է խոստովանի իր տարակույսն այս բնագրի վերաբերյալ, որի մեկնության համար կիրառված գրական ու պատմագիտական եղանակները գոհացուցիչ արդյունքներ չեն տվել: Սա նշանակում է, որ տվյալ բնագիրն արտահայտում է մի առաքելություն, որը պետք է փորձել հասկանալ իր ժամանակագրական հեռավորության մեջ և հաշվի չառնել այն մասնավոր անցքերը, որոնք նրան կյանքի են կոչել (տե՛ս Ա 2-3):
ՀՍՏԱԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Հակառակ գրական հետազոտության առաջ ծառացած դժվարությունների՝ մարգարեի վարդապետությունը ճանաչվում է նրա խոսքերից: Այն ի հայտ է գալիս երկու` իրար սերտորեն կապված հիմնական թեմաներում: Դրանք շարունակ միահյուսվում են և մեկը մյուսին լրացնելով՝ կազմում կուռ ամբողջություն:
«Տիրոջ օրը» հիշատակվում է բոլոր գլուխներում (Ա 15, Բ 1-2, Բ 30, Գ 14): Այն ավելի ընդգրկուն է, քան պարզապես «օրը», ժամանակի ու տարածության համաժամանակյա ընդգրկում ունի և կիսով չափ է մարմնավորված: Դա մի վիթխարի հրեշ է, որն ասես աննկարագրելի զորության նյութականացում լինի, բացարձակապես իր նմանը չունեցող ուժ, եռանդ, որը նկարագրվում է միայն բնական աղետներից ու դաժան պատերազմներից փոխառած պատկերներով. ուժ, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ խավար՝ երկրային լույսի համեմատությամբ, որի գրոհը կործանում է բովանդակ կյանքը և քշում-տանում աստղերը, սրա ի հայտ գալը դատապարտում է նշանակում, որը տարածվում է այն ամենի վրա, ինչը հավակնում է դիմադրելու տիեզերքի Տիրոջը:
Մարդու համար այդ «օրվա» հոմանիշը ամեն ինչից զրկվելն է, և մարգարեն չի ձանձրանում դրա իմաստը ի հայտ բերելու փորձերից, ինչն անում է բազմաթիվ փոխաբերությունների անսպառ գանձի միջոցով. ոչինչ չի կարող դիմակայել այդ զորությանը, որը նման է, օրինակ, միջատների պարսերին (Ա 4), այն ամենը, ինչ հաճելի կամ անհրաժեշտ է միայն կյանքի համար, անհետանում է. «Ձեր աչքերի առաջ պակասեցին կերակուրները, ձեր Աստծու տնից՝ ուրախությունը և խնդությունը» (Ա 16): Երկրորդ գլխում այս զրկանքը գալիս է ամենուր սփռված գաղտնի բանակից, որը շրջապատված է լափող կրակով և լցվում է քաղաքներն ու տները:
Գրքի էջերում իրար հաջորդող փրկության երեք խոսքերը (Բ 17-28, Բ 31, Գ 19-22) զրկվածին ու ապաշխարածին բոլորովին նորացված կյանք են ավետում, որը բնութագրվում է Աստվածության ստեղծագործական ներկայության շնորհած արտակարգ առատությամբ (Բ 21): Բայց այն ինքնին նպատակ չէ, քանզի էությունը թաքնված է այն խորին համոզմունքի մեջ, որը շնորհվում է ժողովրդին (երբ անդառնալիորեն կկապվի Աստծու հետ)՝ Աստծուն ապագայում ճանաչելուց հետո (Բ 28, Գ 18):
Պետրոս առաքյալը և Ղուկաս ավետարանիչը Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգու հեղման վերաբերյալ իրենց մեկնությունը վերցրել են նախ և առաջ Հովել մարգարեից (Գործք Բ 17-24, տե՛ս Հովել Բ 27-31): Նրանք վկայում են, որ այդ զրկանքն ու այդ փոփոխությունը, որոնք փրկության սկիզբն ու նրա վճռական ժամն են, իրականանում են քրիստոնեական կյանքում, և պետք է, որ նրանում իրականանային: Եվ Սուրբ Հոգին է, որ այս զրկանքը առաջացնում է քրիստոնյայի սրտում, ուր և Նա կերտում է աստվածագիտությունը:
Սուրբ Հոգու հեղումից հետո կգա նաև Տիրոջ օրը, որին կնախորդեն ահեղ երևույթներ երկնքում ու երկրի վրա (Բ 30), և այդ օրը կփրկվի միայն նա, ով Տիրոջ անունը կկանչի (Բ 31): Տիրոջ օրը դատաստանի օր է լինելու: Մարգարեն Գ գլխում Տիրոջ դատաստանը նկարագրում է մի շարք վեհասքանչ պատկերների միջոցով: Այդ օրը տեղի կունենա Օրհնության հովտում երբեմնի կատարվածի նման մի բան, ուր Հոսափատը՝ Հուդայի արքան, պարտության մատնեց իր երկրի վրա հարձակված թշնամիներին (Բ Մնաց. Ի):
Ահա Ես այն օրերին և այն ժամանակ
կվերադարձնեմ Հրեաստանին և Երուսաղեմին գերությունից,
կհավաքեմ բոլոր ազգերին, կիջեցնեմ նրանց Հոսափաթի ձորը
և կդատեմ նրանց այնտեղ`
Իմ ժողովրդի և Իմ ժառանգության` Իսրայելի համար,
որին ցրեցին բոլոր ազգերի մեջ (Գ 3)։
Տերը կպատժի փյունիկեցիներին ու փղշտացիներին՝ Իր ժողովրդին հարստահարողներին, իսկ հետո կդատի նաև մյուս բոլոր ժողովուրդներին: Սակայն Տիրոջ դատաստանի օրը սարսափելի չի լինի Իսրայելի համար. այն կդառնա երանելի կյանքի սկիզբ, երբ «լեռները քաղցրություն կբխեցնեն, բլուրները կաթ կհորդեցնեն, Հուդայի երկրի բոլոր աղբյուրները ջուր կբխեցնեն, Տիրոջ Տանից աղբյուր կբխի և կոռոգի շրջակա ձորը» (Գ 18):
ՄԵՍԻԱԿԱՆ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հովելի` ամեն մարդու վրա Սուրբ Հոգու շնորհների հեղման մասին
Եվ կլինի այնպես,
որ սրանից հետո Իմ Հոգուց կհեղեմ ամեն մարմնի վրա,
կմարգարեանան ձեր տղաներն ու աղջիկները,
ձեր ծերերը երազներ կտեսնեն,
և ձեր երիտասարդները տեսիլքներ կունենան։
Այն օրերին Իմ Հոգուց կհեղեմ իմ ծառաների վրա,
իմ աղախինների վրա, որոնք կմարգարեանան։
Հրաշքներ ցույց կտամ երկնքում
և երկրի վրա` արյուն, հուր և ծխի մրրիկ.
արեգակը կխավարի, և լուսինը արյուն կդառնա,
քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երևելի օրը։
Այո՛, կլինի այնպես, որ ով որ
կանչի Տիրոջ անունը` կապրի (Բ27, 29, 30, 31)։
Ծնթ. Սույն մարգարեությունը կանխասում էր մեսիական ժամանակներում Սուրբ Հոգու շնորհների առատ բաշխումը։ Պատկերը («Կհեղեմ Իմ Հոգուց») փոխառված է անձրևի տեղացումից, ինչպես անձրևն է կենդանացնում երկիրը, այնպես էլ Սուրբ Հոգու շնորհները` խավարի մեջ խարխափող մարդկությանը` ապականված սրտով մարդուն հաղորդ դարձնելով աստվածային բնությանն ու փառքին, ազատագրելով մեղքից և առաքինացնելով. «Քանզի օրենքը տրվեց Մովսեսի միջոցով, իսկ շնորհն ու ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան» (Հովհ. Ա17)։
Նախածնողների մեղանչմամբ մարդկությունը զրկվել և օտարացել էր Աստծո շնորհից, ուստի, ինչպես ասում է Ս. Հ. Ոսկեբերանը. «Մենք թշնամիներ ու մեղավորներ էինք` զրկված Աստծո շնորհից և ատելի, իսկ շնորհը հաշտության վկայությունն է, իսկ այս պարգևը թշնամիների և ատելի մարդկանց չի տրվում, այլ բարեկամներին ու բարեհաճներին։ ՈՒստի և նախապես պետք էր հանուն մեզ զոհաբերություն կատարվեր, վերացվեր այդ թշնամությունը, ապա և դառնալ Աստծո բարեկամներ ու միայն այդժամ ստանալ այդ շնորհը»։
Այլ կերպ ասած` շնորհաբաշխությունը հնարավոր դարձավ Հիսուս Քրիստոսի փրկագործությամբ, որով սրբվեց մարդկային բնությունը և մարդկությունը հաշտվեց Աստծո հետ։ «Որովհետև Աստծո շնորհը հայտնվեց որպես փրկության միջոց բոլոր մարդկանց, շնորհ, որ խրատում է մեզ մերժել ամբարշտությունն ու աշխարհիկ ցանկությունները, այս աշխարհում ապրել զգաստությամբ ու աստվածպաշտությամբ և սպասել երանելի հույսին և փառքի հայտնությանը մեր Աստծո և Փրկչի` Հիսուս Քրիստոսի, որ Իր Անձը տվեց մեզ համար, որպեսզի փրկի մեզ ամենայն անօրինությունից և մաքրի որպես Իր սեփական ժողովուրդ` նախանձախնդիր բարի գործերի» (Տիտոս Բ11-14)։ Իսկ իրականացավ Պենտեկոստեի օրը (որը նշվում է Զատկից 50 օր հետո ի հիշատակ Սինա լեռան վրա տասը պատվիրանների շնորհման) Սուրբ Հոգու իջմամբ և Քրիստոսի Եկեղեցու հաստատմամբ։
Ծնթ. Հին Կտակարանում մարգարեության շնորհը տրվում էր միայն հատուկենտ մարդկանց, իսկ Սուրբ Հոգու շնորհների առատ հեղումը հինկտակարանյան հեղինակները սպասում էին միայն մեսիական ժամանակներում (Եսայի 32.15, Երեմ. 31.3, Զաք. 12.10)։ Անկասկած, հենց այս ժամանակը նկատի ունի նաև Հովել մարգարեն։ Ժողովրդի առաջ արտասանած իր խոսքում Պետրոս առաքյալը բացատրում է, որ Հովելի մարգարեությունն իրապես կատարվեց Հիսնականի օրը` առաքյալների վրա Սուրբ Հոգու հանգրվանելու իրողությամբ (Գործք 2.14)։ Սակայն, ըստ առաքյալի, Հիսնականի օրը միայն մարգարեության կատարման սկիզբն էր, քանզի առաքյալը, մարգարեի խոսքի հիմամբ, խոստանում է ապագայում էլ Սուրբ Հոգու շնորհների բաշխումը բոլոր նրանց համար, ովքեր կապաշխարեն և կմկրտվեն (Գործք 2. 38, 39)։ ՈՒստի կարելի է ասել, որ Հովելի մարգարեությունը կշարունակի կատարվել, մինչև որ «մյուս ժողովուրդների ամբողջությունը» (Հռոմ. 11.25) ապաշխարությամբ և մկրտությամբ չմտնի եկեղեցի, որի միջոցով էլ բաշխվում են Սուրբ Հոգու շնորհները։
Հովելի Սուրբ Հոգու հեղման խոստման մասին մարգարեությանն առնչվում է նաև Տիրոջ օրվա, այսինքն` Ահեղ դատաստանի գալստյան կանխասացությունը։ Պետրոս առաքյալը, Հիսնականի մեծ իրադարձությունը մեկնելիս, հիշատակում է Հովելի և այս կանխասացությունը, ինչը նշանակում է, թե դա էլ է կատարվել այդ օրը։ Եվ իսկապես էլ, առաքյալների վրա Սուրբ Հոգու հեղմամբ ավարտվեց մարդկության փրկագործությունը, մարդկանց տրվեցին փրկության համար բոլոր անհրաժեշտ շնորհները։ Այդ օրից ի վեր յուրաքանչյուր մարդու առաջարկվում է ընտրել կամ հավիտենական երանությունը, կամ էլ հավերժ տառապանքի դատապարտումը, մարդկության պատմությունը թևակոխում է մի նոր փուլ, որը պիտի ավարտվի Ահեղ դատաստանով։
Հիսնականի օրը Տիրոջ աշակերտների վրա Սուրբ Հոգու հանգրվանումով նշանավորվում են Հիսուսի երկրային առաքելության ավարտը և քրիստոնեական Եկեղեցու սկիզբը։ Ներսես Լամբրոնացին Հովելի Բ 28-ի մեկնության վերաբերյալ ասում է հետևյալը. «Ոչ միայն տասներկուսը ստացան Սուրբ Հոգու շնորհները, այլև բոլոր նրանք, ովքեր հավատացին Քրիստոսին, առաքյալների ձեռամբ ստացան Հոգու շնորհները, ինչպես և այդ մասին պատմվում է առաքյալների գործերում»։
ԿԱՏԱՐՈՒՄ Երբ Պենետեկոստեի օրերը լրացան, բոլորը միասին, միատեղ էին։ Եվ հանկարծ երկնքից հնչեց մի ձայն` սաստիկ հողմից եկած ձայնի նման, և լցրեց ամբողջ այն տունը, ուր նստած էին։ Եվ նրանց երևացին բաժանված լեզուներ, նման բոցեղեն լեզուների, որոնք և նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա։ Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով և սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես Սուրբ Հոգին նրանց խոսել էր տալիս (Գործք Բ1-5, տե՛ս նաև հաջորդ համարները)։
Ծնթ. Ս. Թեոփիլակտոսն ասում է. «Ինչո՞ւ առաքյալները մյուս շնորհներից առաջ լեզուների հենց շնորհը ստացան։ Քանի որ պետք է աշխարհով մեկ ցրվեին, և ինչպես աշտարակաշինության ժամանակ մեկ լեզուն բազմաթիվ [լեզուների] բաժանվեց, այնպես էլ այժմ բազմաթիվ լեզուներ միավորվեցին մեկ մարդու մեջ, և այդ նույն մարդը Սուրբ Հոգու ներշնչանքով սկսեց խոսել և՛ պարսկերեն, և՛ լատիներեն, և՛ հնդիկների ու այլ բազմաթիվ լեզուներով։ Եվ այդ շնորհը կոչվում է լեզուների շնորհ, քանզի առաքյալներն ի զորու էին խոսելու բազմաթիվ լեզուներով»։
ԱԲԴԻՈՒ
Սա ամենակարճ մարգարեական գրվածքն է, սակայն դրանից չի հետևում, որ գիրքն արժեքավոր չէ: Ընդհակառակը, այն մարգարեական հիասքանչ խոսքերից կազմված մի երկ է, որի գրական ժանրը նման է «ազգերին» հասցեագրված մարգարեների բոլոր խոսքերի ժանրին և հատկապես այն խոսքերին, որոնք մարգարեանում են Տիրոջ օրվա գալուստի մասին:
Կառուցվածքային առումով գրվածքը տեսիլք է:
Որոշ տեղեկությունների հիման վրա մենք ի զորու ենք սահմանելու գրքի գրության ժամանակը. մարգարեն իր տեսիլքում խստագույնս ձաղկում է Եդոմի ժողովրդի՝ Եսավի հետնորդների դիրքորոշումը իսրայելական եղբայր ժողովրդի նկատմամբ` Երուսաղեմի կործանման կապակցությամբ (Ժ): Այս իրողությունը թույլ է տալիս մտածել, որ գիրքը կազմվել է ն. Ք. 587 թվականից քիչ անց:
Մենք միայն մարգարեի անունը գիտենք, որն ընդհանուր առմամբ սուրբգրային է: Բայց կարևորը նրա վարդապետությունն է: Երբ ամեն ինչ հուսահատական էր թվում (Տաճարն ավերված էր, ժողովուրդը՝ տեղահանված), նա տեսիլք է տեսնում. Աստված ազդարարում է Իր գալստյան օրը, Նա ազգերի Տերն է և միջամտում է պատմությանը՝ Իր թագավորությունը հաստատելու համար: Մարգարեն Տիրոջ այս հայտարարությունը լսելիս (Ժ-ԺԵ, տե՛ս Ա) խոսում է, որպեսզի բացատրի Եդոմի մեղքը. նրա՝ Իսրայելի նկատմամբ ունեցած վերաբերմունքի մեջ միաժամանակ և՛ դավաճանություն, և՛ ագահություն կա ու իմաստունների հպարտ հավակնություն: Այս ամենը կյանքի է կոչում մարգարեական քաջալերող մի խոսք՝ ուղղված վհատությամբ համակված փրկվածների խմբին:
Պատրաստեց Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2579

Մեկնաբանություններ